«Իմ վեպը ոչ միայն հասկանալի, այլև հոգեհարազատ պիտի լինի բալկանյան ժողովուրդներին»
06.09.2019 | 01:36
Գրող, գրականագետ, թարգմանիչ ԱԼԵՔՍԱՆԴՐ ԹՈՓՉՅԱՆԻ հետ մեր զրույցի առիթը «Բանկ Օտոման» վեպն է, որը գրողի՝ անկախությունից հետո լույս տեսած (2008 թ.) երկերից ամենաթարգմանվածն է:
-Պարոն Թոփչյան, Ձեր վեպի պարսկերեն թարգմանությունից երկու ամիս էլ չէր անցել, և ահա մի նոր թարգմանություն, այս անգամ՝ սերբերեն: Ինչպես նախորդ թարգմանությունը, սա ևս կարելի է հաճելի անակնկալների շարքին դասել:
-Հաճելի` այո, բայց չէի ասի, թե երկուսն էլ կատարյալ անակնկալներ են, մանավանդ` Սերբիայի պարագայում: Իրանցիները հիմա հետաքրքրված են մեր մշակույթով, և վերջին տարիներին հայ հեղինակների մի քանի գրքեր լույս տեսան պարսկերեն ու լավ ընդունվեցին: Ինչ վերաբերում է «Բանկ Օտոմանի» թարգմանությանը, ապա ընդունելությունն իսկապես հրաշալի էր: Գիրքը, որպես բեստսելլեր, ներկայացվեց Թեհրանի գրքի տոնավաճառում, և տեղում էլ փառահեղ շնորհանդես արվեց` Իրանի Իսլամական Հանրապետությունում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Արտաշես Թումանյանի ներկայությամբ: Ինչ վերաբերում է Սերբիային, ապա իմ վեպն իր բովանդակությամբ լիովին համահունչ է այդ երկրի և ժողովրդի պատմամշակութային համատեքստին: Սերբերը, ինչպես բալկանյան բոլոր ժողովուրդները, դարեր շարունակ տառապել են օսմանյան լծի տակ:
-Այսինքն, նրանց համար այս վեպը լիովին հասկանալի է, և «թարգմանել» բառը զուտ լեզվական իմաստ ունի:
-Իսկապես: Նրանք մի ամբողջ գրական ժառանգություն ունեն` նվիրված այդ ողբերգական շրջանին: Բավական է հիշել Նոբելյան մրցանակակիր, հանճարեղ գրող Իվո Անդրիչի «Դրինայի կամուրջը» և «Տրավնիկյան տարեգրություն» փառահեղ վեպերը: Գործեր, որոնք առայսօր, զարմանալիորեն, թարգմանված չեն հայերեն: Կուզեի հիշեցնել նաև պատմական մեկ այլ ուշագրավ փաստ, որը վկայում է, որ իմ վեպը ոչ միայն հասկանալի, այլև հոգեհարազատ պիտի լինի բալկանյան ժողովուրդներին: 1903 թ., հունական Սալոնիկ քաղաքում, մակեդոնացի հեղափոխականները գրավեցին «Բանկ Օտոմանի» բաժանմունքը և, ի տարբերություն հայ հեղափոխականների, պայթեցրին:
-Ասել է, թե մեր դառը դասն օգտակար եղավ նրանց համար: Իսկ ո՞վ է թարգմանիչը, և ո՞ր հրատարակչությունն է ստանձնել Ձեր վեպի տպագրությունը:
-Գիրքը լույս է ընծայել Սերբիայի առաջատար հրատարակչություններից մեկը` «Ֆիլիպ Վիշնյիչը»: Վեպը սերբերեն է «հնչեցրել» փորձառու թարգմանիչ Միլիվոյե Բաչովիչը: Ես, ցավոք, սերբերեն չգիտեմ, բայց հավատում եմ, որ թարգմանությունը պիտի որ բարձրակարգ լինի, քանի որ նա ոչ միայն հմուտ և ճանաչված թարգմանիչ է, այլև վեպում ներկայացված խնդիրներն ու իրականությունը նրան քաջ ծանոթ են:
-Ենթադրում եմ, որ վեպը թարգմանվել է երկրորդ լեզվից:
-Այո, ռուսերենից, և ես, որ սկզբունքորեն չեմ ընդունում երկրորդ լեզվից կատարված թարգմանությունները և դա համարում եմ մշակութային ինքնակամ ստրկություն, պիտի ասեմ, որ այս դեպքում ռուսերենը երկրորդ լեզու չէ: Նախ, ես երկլեզվյան հեղինակ եմ, բազմաթիվ հոդվածներ ունեմ գրված ուղղակի ռուսերեն` ռուսական մամուլի համար: Վեպը ռուսերեն թարգմանեց Անահիտ Թոփչյանը` իմ մշտական, ստեղծագործական ներկայությամբ, և այնքան անթերի, որ մոսկովյան հրատարակչությունում որևէ դիտողություն չեղավ: Մի խոսքով, ռուսերեն տարբերակը ավելի կատարյալ է և որոշ առումով առավելություններ ունի հայերեն բնագրի հանդեպ:
-Այսպիսով, սա եղավ հինգերորդ թարգմանությունը` ռումիներենից, ֆրանսերենից, ռուսերենից և պարսկերենից հետո: Իսկ վեցերորդ թարգմանությանը երկա՞ր պիտի սպասենք:
-Շատ չէ: Հավանաբար մինչև Նոր տարի` եվրոպական երկրներից մեկում:
-Ըստ երևույթին, կարող ենք ասել, որ ձեր «Բանկ Օտոմանը» անկախությունից հետո լույս տեսած գեղարվեստական երկերից ամենաթարգմանվածն է: Ինչո՞վ եք բացատրում այս հաջողությունը:
-Ես կցանկանայի, որ այդ մասին խոսեն ուրիշները, մանավանդ որ խոսելու բան կա:
-Պարսկերեն թարգմանության առիթով մեր թերթին տված հարցազրույցում ասել եք, որ դա Ձեր մոտալուտ` ծննդյան ութսուներորդ տարեդարձի լավագույն նվերն է: Կարո՞ղ ենք ասել, որ մի ընտիր նվեր էլ ավելացավ:
-Իհարկե կարող ենք, և ոչ թե մեկը, այլ երկուսն ավելացան` «Չարիքի զավակները»` պատմվածքների ծավալուն ժողովածուն, որ ինքս ինձ նվիրեցի այդ տարեդարձի առթիվ:
Արմինե ՍԱՐԳՍՅԱՆ
Հ.Գ. Անվանի մտավորականի հոբելյանական տարվա առիթով հրատարակված «Չարիքի զավակները» ժողովածուին մեր անդրադարձը՝ «Իրատեսի» առաջիկա համարներից մեկում:
Հեղինակի նյութեր
- Պատմության վկաները
- Վերացող ծաղիկներ
- Ձեռք մեկնելու գաղափարը առաքելության վերածվեց
- «Մի նայեք, որ փոքր է մեր երկիրը, եթե արդուկով այս սարերը հարթեցնեք, Չինաստանից մեծ կլինի»
- «Բանկ օտոման» գործողությունը ժամանակին ցնցել էր ամբողջ Եվրոպան
- «Դրսից մեզ վրա կարող են ազդել միայն ներսի գործիքներով»
- «Երեսուն տարի ձգվեց մեր անկախության պատմությունը, մենք շահեցի՞նք»
- Մշակույթը հեռվից հեռու պահպանելու հույսով
- Անիմացիան, աշխարհն ու մենք
- «Մեր տարածքները փոքրացան, որովհետև այդպես էլ չհասկացանք, որ պետք է խմենք մեր բաժակով»
- Արվեստի ուժը
- Նոր մատենաշարը ներկայացնում է արևմտահայ և սփյուռքյան գրողների
- Բեմը կենդանություն է ստանում առայժմ միայն մանուկների համար
- «Գիրք սիրողների համար սա իսկական մկնդեղ է` հյութեղ ու անտանելի»
- Համաշխարհային դասականների ստեղծագործությունները՝ դուդուկով
- «Բնակչությունը պատրաստ չէ, բայց տարվում են աշխատանքներ»
- Ամանորի գիշերը դիմավորելու են եկեղեցում
- «Ջազի մեջ զգացվում է ապրածդ ժամանակաշրջանը»
- «Եթե չլիներ Փելեշյանը, կարծում եմ, դեռևս գտած չէի լինի կինոյում իմ ուղին»
- «Հուշարձաններն այդ տարածքների պատկանելության անձնագրերն են»
Մեկնաբանություններ